Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ մենք ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր աղանդի ձևավորմանը։ Այն, ինչ այսօր կատարվում է հակաեկեղեցիական գործողությունների շրջանակում, այլ բան, քան նոր «հոգևոր» բևեռի ստեղծման փորձ, դժվար է պատկերացնել։ Հայ իրականության մեջ, ցավոք, եղել են նման դրվագներ, երբ երկրի ներսում արհեստածին «կրոնական միավորումներ» են ստեղծվել՝ նպատակ ունենալով պառակտել հասարակությանը և դուրս մղել Հայ Առաքելական Եկեղեցին։
Միաժամանակ հարկ է նշել, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ձգտի ամեն գնով ազատվել Վեհափառից և պառակտել եկեղեցին, փաստացի առայսօր դա նրան չի հաջողվել և, վստահ եմ, չի էլ հաջողվի։ Եկեղեցին այս օրերին ցույց տվեց իր համակարգային ամրությունը և եղբայրական միասնության հզորությունը։ Ավելին՝ Փաշինյանի բազմիցս հնչեցրած թեզը, թե «Էջմիածնի հրապարակից խաղաղ երթով կգնանք Վեհարան», մինչ օրս չի իրականացվել, քանի որ նա գիտակցում է՝ հայ հասարակությունը հոգու խորքում հստակ հասկանում է, որ քրիստոնեական արժեքներն ու եկեղեցին գենետիկ պատկանելիության հարց են։ Հայ մարդը հավատ ունի եկեղեցու հանդեպ՝ իր ողնաշարով, ոչ թե իշխանության ղեկին նստած անձի կամայականություններով ու քմահաճույքներով։
Կիրակր օրը Հովհաննավանքում տեղի ծեսը այլ կերպ, քան «քաղաքական ակցիա», հնարավոր չէ բնորոշել։ Այն, ինչին մենք ականատես եղանք, ոչ մի աղերս չուներ սուրբ պատարագի հետ, երբ «ծիսակարգ իրականացնողը» զբաղված էր քաղաքական բնույթի խոսքերով, ծափահողջույններով, շնորհակալություններով և անգամ թշնամական երկրի ղեկավարի հիշատակումով։ Ներոնյան ոճով Հովհաննավանք մտած Նիկոլը, ըստ էության, կրկին ողջ գործընթացը «գցեց ոտքին», իսկ մոտ երկու հազար մասնակցի ներկայությունը, որոնք բերվել էին հանրապետության տարբեր հատվածներից, ընդամենն ավելի բացահայտեց իշխանության «հմայքի և մերկության» իրական պատկերը։
Պավլիկյան և Թոնդրակյան հզոր աղանդավորական շարժումները հաղթահարած Հայ Առաքելական Եկեղեցու համար «Նիկոլի աղանդը» թերևս անցանելի փորձություն է։ Այս գործընթացը, անկասկած, ավելի է ամրապնդելու հայոց հոգևոր տունը և Վեհափառ Հայրապետին՝ սուրբ Հովհան Օձնեցին վկա։
Արմեն Հովասափյան